Վերածննդի դարաշրջանի հանճարեղ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը ցուցահանդեսի տոմս գնելու ցանկություն ունեցող անձինք «պայթեցրել» են Լուվրի թանգարանի կայքը, գրում է Le Figaro-ն: Ցուցահանդես այցելելու համար Լուվրի տոմսարկղից տոմսեր գնելն անհնար է. անհրաժեշտ է դա անել նախօրոք՝ առցանց հարթակում: Ցուցահանդեսի տոմս է հասցրել գնել 260 հազար մարդ: Բացման օրը կայքում այցի ժամանակն ընտրելիս կարելի էր տեսնել հետևյալ գրությունը՝ «Սպասողների թիվը սովորականից ավելին է: Ձեր հարցումը կկատարենք առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Նույն իրավիճակը ստեղծվել էր հունիսի 18-ին՝ տոմսերի նախնական վաճառքի ժամանակ: Լուվրի թանգարանը, որտեղ պահվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, հինգշաբթի բացել է դռներն այցելուների առաջ՝ հնարավորություն տալով դիտել Վերածննդի դարաշրջանի 160 ստեղծագործություն, որ ժամանակավորապես Փարիզ են տեղափոխվել բրիտանական թանգարանից: